Posted in Հայրենագիտություն

Գրիգոր Նարեկացի


Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր
Նարեկացու ստեղծագործությունը։ Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխարհի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում։ Դա բնության մի հրաշալի անկյուն էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դիմաց, շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով։ Հենց այդտեղ էր սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։
Քիչ հեռու կար ինը սենյակներով մի քարաժայռ, որը, ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։ Նարեկացին մեզ թողել է
բազմաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ
պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը
մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։ Հայ ժողովուրդը
մի առանձին սիրով է վերաբերվել «Նարեկին»։ Այն համարվել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և՛ հոգին, և՛ մարմինը։ «Նարեկը» համարվում էր փրկարար միջոց. դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում
էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր
փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից
Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։

Սայաթ-Նովա


Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-բանաստեղծ։ Ծնվել է 1722թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան։ Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է «երգի որսորդ»։ Սայաթ-Նովան ինքն իրեն համարում էր «խալխի նոքար», այսինքնժողովրդի ծառա։ Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները։ Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ։ Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ։ Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ։ Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է։ Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն։

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր
մատյանները։ Այդ ամենն, իհարկե, հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքրական նախշեր կան։
Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում,
թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես սփռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել և զարդարել բնակարանը: Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատեսակ կարպետներ և գորգեր:13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրություններում խոսելով հայերի մասին նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։
Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ
ունեին։
Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն
ունեն. մեկ անգամ ստեղծվելով նրանց զարդանախշերը չեն մոռացվում, այլ, շարունակ ընդօրինակվելով, փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողովրդական հնագույն պատկերացումներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։ Որդան կարմիր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են հենց վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով և տարածված է եղել Արարատյան դաշտում: Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ: Որդան կարմրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ: Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու
պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։ Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին է պահել, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշարձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնավայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում:Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: :

Տոնական սեղանին գինու հետ տարբեր ուտելիքներ
են դրվում:

Նախագիծ

Որո՞նք են ձեր սիրելի ճաշատեսակները:

Ի՞նչ ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին:

Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:
Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների
հետ:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը
և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել,
բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից
պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր,
տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի
ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։
Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու
հարդարանքի իրեր չեն պատրաստում։ Գեղեցիկ իրերով
զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցե չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։ Հայ մշակույթի շատ տարրեր միջազգային ճանաչում են ստացել՝ դառնալով մարդկության ընդհանուր մշակութային հարստության մի մասը: Այսպես, 2012 թվականին «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգության ցանկում: Դրանից առաջ այդ ցանկում ընդգրկվել են դուդուկը և խաչքարային արվեստը: Աշխարհի ամենահին կոշիկը 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արենի գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել
զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված
կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և
շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է
կատարել:

Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժողովրդի ազգային մեծ բանաստեղծն է։
Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն
հայոց բանաստեղծ»։ Նա ծնվել է 1869թ.
Լոռու Դսեղ գյուղում։ Թումանյանը
գրել է բանաստեղծություններ, պոեմներ,
զրույցներ ու հեքիաթներ, քառյակներ,
պատմվածքներ, ակնարկներ և այլն։
Թումանյանը անսահման հարազատ է
յուրաքանչյուր հայի։ Քանի որ նա գրել է
և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, նրա ստեղծագործությունները հայ մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքի ընթացքում։
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Պարույր Սևակ
Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ
էր։ Նա իրենն էր համարում հայրենիքի և՛ վիշտը, և՛ ուրախությունը։
Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից։ Նա ներկայացնում է
իրենց այցելությունը Անի։ «Մոտենում ենք Անիի հոյակապ
պարիսպներին,– գրում է Իսահակյանը,– Օհաննեսը հուզված է,
ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը՝ հայացքը շարունակ
պարիսպներին։ Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր արվեստի կնիք կրող։ Լուռ, մտասույզ թափառում էր անցյալի հետ
ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի
երաժշտություն էր լսում` ոչ սովորական, ոչ այս աշխարհից։
….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը
վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի
անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների
վրա։ Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք
թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

Advertisement

 

«Հովհաննես Թումանյան»Ավետիք Իսահակյանի հուշերից

Լոռիում եմ. Սարոյի, Սաքոյի, Անուշի հայրենիքում. Օհաննեսի հետ,
նրա հարկի տակ: Ի՜նչ կար ավելի քաղցր, քան այդ ժամերը: Օհաննեսի
հետ շրջում ենք Դսեղ գյուղում, նրա շրջակայքում: Հին, հնադարյան
գյուղ է Դսեղը, ամեն կողմում` անցյալի բեկորներ: Գնում ենք գերեզմանատուն. այցելում ենք Օհաննեսի հոր շիրիմին. Օհաննեսի աչքերն
արցունքոտվում են. ութ տարի է անցել հոր մահից, բայց վիշտը չի անցել:
Եվ նորից պատմում է նա ինձ իր սքանչելի հոր մասին. ազնվական,
բարի, սիրող սրտով մարդ, բանաստեղծական հոգով:
«Ինչ որ կա իմ մեջ լավ բան՝ հորիցս է», — ասում է նա:
Գնում ենք բարձրաքաշ Ս. Գրիգորի հոյակապ վանքը տեսնելու, մեր
միջնադարյան ճարտարապետության մի փառավոր կոթող:
Գնում ենք լիճը տեսնելու, որ դսեղցիները, լոռեցուն հատուկ չափազանցությամբ, ծով են կոչում: Բարձրանում ենք մի զառիվեր,
որտեղից սկսվում են Մարցի չքնաղ անտառները:
Օհաննեսի մանկության և խաղերի վայրերն են սրանք:
Ամեն կողմից դեպի երկինք են մխրճվում լեռնագագաթները. լանջերը՝ անտառապատ, բարձր ժայռերի վրա հսկա ծառեր կան, ավելի
բարձր՝ արծվի բներ: Ձորակներից ծուխ է բարձրանում. հովիվների
բինաներն են, ուր ապրում են աժդահա սաքոները:
…Գյուղի շուրջը բազկատարած շառաչում են «կանաչ, վիթխարի
ընկուզենիները». և արդյոք որի՞ տակ Օհաննեսը օրհնություն ստացավ
գյուղի մեծերից:
Ձիեր նստած թափառում ենք Լոռվա գյուղերում: Գնացինք Օձուն,
Սանահին, Հաղպատ և այլուր:
Շրջեցինք Լոռվա գրեթե մեծ մասում:
«Մի գրողի ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում»,-
այսպիսի մի միտք է հայտնել գերմանացի բանաստեղծ Գյոթեն:
Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի,
առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի
անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից:
…Քաջությունը, իգիթությունը լոռեցու հատկություններն են: Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի և անտառների նահապետ քաջ
Հովակիմն է՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խաչատուր Աբովյանը:
Մի հսկա, ժայռեղեն տղամարդ, որը պաշտպանում է Լոռին անթիվ
հաղթանակող կռիվների մեջ:
Ինքը՝ Օհաննեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիգ, որսկան:
Երբ շրջում էինք գյուղերում, բոլոր գյուղացիները ճանաչում էին
Օհաննեսին և խորին հարգանքով վերաբերվում նրան: Օհաննեսն էլ
ճանաչում էր գրեթե բոլորին, մանավանդ տարեց լոռեցիներին, զրույց էր
անում նրանց հետ, կատակում Լոռվա համով-հոտով բարբառով:
…Լոռիում Օհաննեսն իր տարերքի մեջ էր: Այս հոյակապ բնության
մեջ, այս՝ ավանդություններով, առասպելներով, հիշատակներով լի
չքնաղ սարերում ու ձորերում նա բազմապատկվել էր կյանքով:
…Դյուցազնական-նահապետական Լոռին իր շքեղ բնությունով, իր
ավանդներով ու սովորույթներով, նրա հինավուրց ժողովուրդն իր
կենսահայացքով, իր ցավերով, նաև իր պայքարով եղան Օհաննեսի
ներշնչարանը: Այստեղից է հորդահոս գալիս Օհաննեսի ստեղծագործության աննախընթաց ժողովրդայնությունը:

Posted in Հայրենագիտություն

Կիլիկյա հայոց պետություն

download

Նախագծի անվանում՝ Կիլիկյայի հայոց պետությունը

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Կիլիկյան հայկական թագավորություն

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը նաև Բագրատունյաց վերջին թագավորի հետ։
Գագիկ II թագավորին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս հրավիրելով` կայսրը ստիպեց նրան հրաժարվել իշխանությունից և թագավորության փոխարեն Կիլիկիայից ոչ հեռու գտնվող ընդամենը երկու քաղաք առաջարկեց։ Որոշ ժամանակ անց Գագիկ II թագավորը սպանվեց բյուզանդացիների կողմից։
Գագիկ թագավորի մերձավորներից մեկը` Ռուբեն իշխանը, ի պատասխան իր արքայի սպանության, 1080թ. ապստամբեց բյուզանդացիների դեմ և Կիլիկիայում, Տավրոսի լեռներում գրավեց Բարձրբերդ ամրոցը։ Ռուբեն իշխանին և նրա ժառանգներին հաջողվեց ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլև ընդլայնել հայկական իշխանության տիրույթները։ Այսպես, հայրենի բնօրրանից հեռու ստեղծվեց հայկական նոր պետություն` Կիլիկիայի հայոց թագավորությունը:
Կիլիկիայի հայոց պետությունը թագավորություն դարձավ Լևոն II-ի օրոք, որը պատմության մեջ հայտնի է նաև Լևոն Մեծագործ անունով։ Խոհեմ և հեռատես քաղաքականության շնորհիվ Լևոն II-ը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել ինչպես Բյուզանդական կայսրության, այնպես էլ շրջակա պետությունների հետ։ Լևոն II-ին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել նաև գերմանական կայսեր և Հռոմի պապի
հետ, որոնք պատրաստ էին արքայական թագ ուղարկել նրան։ Լևոն II-ի իշխանությունը ճանաչեց և նրան թագ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը։
1198թ. հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լևոն II-ը թագադրվեց որպես թագավոր ամենայն հայոց և Կիլիկիայի։ Լևոն II Մեծագործը և նրա հաջորդներն իրենց անվանում էին ամենայն հայոց թագավոր` դրանով իսկ շեշտելով, որ իրենք
ներկայացնում են ոչ միայն Կիլիկիայի, այլև Մեծ Հայքում և նրանից դուրս ապրող ողջ հայության շահերը։
Թագավորության մայրաքաղաքը Սիսն էր:
Կիլիկիայի հայոց թագավորության պետական լեզուն հայերենն
էր։ Կիլիկիայի հայերը միաժամանակ հաղորդակցվում էին նաև
ֆրանսերեն, հունարեն և այլ լեզուներով։

Բլոգում հրապարակվող աշխատանք

  1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից հիմնադրվեց Կիլիկիայի հայոց պետությունը։
  2. Ո՞վ էր Բագրատունիների վերջին թագավորը:
  3. Ո՞վ սպանեց Գագիկ 2-րդ թագավորին:
  4. Ո՞ր փվականին և ո՞ր ամրոցը գրավեց Ռուբեն իշխանը:
  5.  Ե՞րբ և ո՞ր քաղաքում տեղի ունեցավ Լևոն II-ի թագադրությունը։
  6. Ո՞րն էր Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաքը:
  7. Ո՞ր լեզվով էին խոսում Կիլիկիայի հայոց պետությունում:
Posted in Հայրենագիտություն

Ապարներ և օգտակար հանածոներ

Մետաղային օգտակար հանածոները ձուլում են և ստանում տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:

Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:

Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:

Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:

Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից Են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:

Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:

Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:

Առաջադրանք

Խմբավորել օգտակար հանածոները

Պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արթաթ, տուֆ, բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, ալյումին:

Շինանյութ Վառելիք Քար Թանկարժեք քար
       
       
       
       
Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին: Նա եղել է հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`   աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։

Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։

Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։

Նրա պատկերները երբեմն նուրբ քնարական են, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտական շարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներ պատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

Posted in Հայրենագիտություն

Այցելություն հայաստանի ազգային պատկերասրահ

Մենք պակերասրահում տեսանք Մարտիրոս Սարյանի պատրաստած արձանի,տեսանք նկարները։Նա նկարել է տարբեր գրողների և նկարազարթել է հեքիաթներ։Մենք տեսան իր նկարները թե նա իր շան հետ է կամ ընտանիքի և նաև տեսանք իր նկարչական պարագաները։

Posted in Հայրենագիտություն

Մարտիրոս Սարյանի գրքային պատկերազարդումները

hqdefault

20-րդ դարի հայ կերպարվեստը շատ նշանավոր դեմքեր է տվել։ Նրանք ժողովրդական ճանաչում ու հարգանք են ունեցել
հայրենի երկրում։ Կան նկարիչներ, որոնց անունը ոչ պակաս
հայտնի է եղել նաև հայրենիքից դուրս։ Այդ նկարիչների մեջ իր
առանձին տեղն ունի Մարտիրոս
Սարյանը։
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ. Նոր Նախիջևան քաղաքում։ Այդ փոքրիկ քաղաքն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի
մասն է։  Ղրիմի Թեոդոսիա
քաղաքից էր, ինչպես հայտնի է, նաև Հովհաննես Այվազովսկին։
Այնպես որ, Մարտիրոս Սարյանի պապերն էլ ղրիմահայեր էին։
Սովորելով Մոսկվայում և հաղորդակցվելով ժամանակի ռուս
հայտնի նկարիչների հետ՝ Սարյանը կատարելագործում է իր
վարպետությունը։ Շուտով երիտասարդ նկարչի աշխատանքները
տեղ են գտնում Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում, Նյու
Յորքում և այլ քաղաքներում կազմակերպված ցուցահանդես-
ներում։ Առաջին անգամ Սարյանը Հայաստան եկավ 1901թ., երբ
արդեն 21 տարեկան էր։
Մարտիրոս Սարյանը բազմիցս այցելեց Հայաստան,
իսկ 1921թ. վերջնականապես հաստատվեց հայրենիքում։ Սար-
յանին, Թամանյանին և նշանա-
վոր այլ մտավորականների հայ-
րենիք էր հրավիրել Խորհրդային
Հայաստանի ղեկավար Ալեք-
սանդր Մյասնիկյանը։ Մարտիրոս
Սարյանը դրանից հետո ստեղ-
ծագործեց ևս հինգ տասնամյակ,
արդեն հայրենի հողի վրա։ Այդ
ընթացքում նա ստեղծեց հազա-
րավոր նկարներ։
Սարյանի գեղանկարչությունը
հայտնի է ողջ աշխարհում։

ՆախագիծՄարտիրոս Սարյանի գրքային պատկերազարդումները

Ժամանակահատված՝ Մայիսի 15-19

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նպատակը՝

Ծանոթացում Մարտիրոս Սարյանի կտավներին, կյանքին, գործունեությանը:

 

Նախագծի ընթացք՝

  • Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ համացանցում, տեղադրում բլոգում:
  • Ո՞ր հայտնի մարդկանց է նկարել Մարտիրոս Սարյանը:
    Կոմիտասին,Եղիշե Չարենցին։

  • Ո՞ր գրքերն է նկարազարդել:
    Հազարան բլբուլը,Կիկոսi մահը,Կարմիր գիրքը։
  • Որո՞նք են Մարտիրոս Սարյանի հայտնի կտավները:
    Թեստ. աշխարհին Հայաստանը նվիրած նկարիչը. ի՞նչ գիտեք Մարտիրոս Սարյանի մասինՄարտիրոս Սարյանի 140-ամյակն է