Posted in Մայրենի

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ,մինջև տուն հասան վրա եկավ ամառը։Գյուղացիները հավաքվեցին և մեծ շուքով դիմավերեցին իրենց պատգամավորներին։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։  ափ է առնում — ձեռքը վերցնել,խորհրդի են նստում -գալ ընդհանուր եզրակացության,վար է բերում-իջեցնում է,գլուխ են տալիս-բարևել,ողջունել,վրա են պրծնում-հարձակվել
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։խանութպան,տաքդեղ,
  3. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։Նուկիմ քաղաքի բնակիչները բարի ,միամիտ ,հիմարիկ էին,ամեն ինչին հավատում էին։
  4. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։
  5. Բնութագրի՛ր թագավորին։
  6. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։
  7. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
  8. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։
  9. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
  10. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

Լրացուցիչ ընտանեկան առաջադրանք․ ընտանեկան ռադիոթատրոն

Հեքիաթը դերերով կարդացե՛ք և ձայնագրե՛ք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով