Posted in Հայրենագիտություն

Առասպել Հայոց լեռների մասին

ler

Ասում են` Հայոց լեռները վաղ  ժամանակներում հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել: Հսկա եղբայրներն ունեցել են մի անխախտ սովորություն: Ամեն առավոտ, հենց որ զարթնում էին քնից, նախ կապում էին իրենց գոտիները, հետո դրանք ձգում էին: Դրանից հետո միայն նրանք ողջագուրվում էին, բարևում ու ողջունում իրար և բարի օր մաղթում իրար:

Եվ այսպես, նրանք ապրում էին իրենց սովորույթով. գոհ էին իրարից, երջանիկ էին ու համերաշխ:

Բայց անցնում են դարեր: Նրանք ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ: Օրերից մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել իրենց գոտիները և հակառակ իրենց սովորության` իրար բարևում են` առանց գոտիները կապելու:

Աստված մտածում է, որ ավելի լավ կլինի, որ նրանք քարանան և անշարժ լեռներ դառնան… չէ՞ որ եղբայրներն արդեն ծուլանում էին և չէին ուզում ավելորդ շարժումներ անել: Ծերացած եղբայրներին Աստված քարացնում, լեռներ է դարձնում` նրանց հանձնարարելով փակել և դժվարացնել դեպի Հայոց երկիր եկող ոսոխների ճանապարհը:

Եղբայրները լեռներ են դառնում, նրանց զմրուխտե գոտիները` կանաչ դաշտեր, իսկ արցունքներն էլ` սառնորակ ու անմահական ջրերով աղբյուրներ: Դա պատիժ չէր, այլ պատիվ էր եղբայրների համար:

Posted in Հայրենագիտություն

Առասպել լավաշի մասին

064

Հայկական հին զրույցը պատմում է, որ հին Հայաստանը պատերազմել է Ասորեստանի հզոր թագավոր Նաբուքոդոնոսորի հետ: Այդ պատերազմները վարում էր Արամը: Նա Գեղամի թոռն էր՝ Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։

Այնպես պատահեց, որ այդ պատերազմներից մեկում արքա Արամը գերի ընկավ Նաբուքոդոնոսորին: Բայց դա դեռ չէր նշանակում, որ թշնամին վերջնական հաղթանակ է տարել: Ու հենց այդ պատճապով Նաբուքոդոնոսորը պայման դրեց.

— Դու տասը օր հաց չես ուտելու, իսկ տասնմեկերորդ օրը աղեղնամարտի կբռնվես իմ հետ: Ու եթե հաղթես ինձ, ուրեմն դու ինձնից ուժեղ ես ավելի: Այդ դեպքում ես քեզ ազատություն կտամ:

Արամը ողջ գիշեր մտածմունքների մեջ էր, իսկ առավոտյան խնդրեց, որ ոչ հեռու կանգնած հայկական բանակից նրան մի գեղեցիկ վահան բերել տան: Նաբուքոդոնոսորը չէր առարկում դրան, և Ասորեստանի արքայի սուրհանդակները եկան հայերի մոտ և հաղորդեցին Արամի խնդրանքը: Ողջ գիշեր Հայաստանի թագավորի զինվորները փորձում էին գուշակել, թե ինչ գաղտնիք կա Արամի խնդրանքի մեջ: Ի վերջո կռահելով իրենց թագավորի խնդրանքի իմաստը, վահանի կաղապարի տակ մի լավաշ են թաքցնում ու այդ վահանը հանձնում են Նաբուքոդոնոսորի սուրհանդակներին: Եվ ոչ ոք ասորիներից չհասկացավ, որ հացը կարելի է թաքցնել պղնձե կաղապարի տակ՝ չէ որ ասորիները ոչինչ չէին լսել լավաշի մասին: Արամը, տեսնելով վահանը, ասաց՝ գլուխը շարժելով.

— Ոչ, սա այնքան լավը չէ, վաղը կբերեք մի ուրիշ վահան:

Եվ այդպես, ամեն օր Նաբուքոդոնոսորի սուրհանդակները Արամին մի նոր լավաշ էին բերում: Տասնմեկերորդ օրը Արամը ու Նաբուքոդոնոսորը դուրս եկան աղեղադաշտ: Նաբուքոդոնոսորը համոզված էր, որ Արամը, տասնմեկ օր առանց հացի մնալով, հուսահատվել է ու կորցրել ուժը: Բայց Արամը հաղթող դուրս եկավ Նաբուքոդոնոսորի կողմից առաջարկած մրցույթում և պատվով վերադարձավ իր հայրենիքը: Լավաշը փրկեց նրան: Հայաստան վերադառնալուց հետո թագավորը հրամայեց, որ այսուհետև Հայաստանում բոլոր հացի տեսակները վերածվեն լավաշի: