Posted in Հայրենագիտություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժողովրդի ազգային մեծ բանաստեղծն է։
Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն
հայոց բանաստեղծ»։ Նա ծնվել է 1869թ.
Լոռու Դսեղ գյուղում։ Թումանյանը
գրել է բանաստեղծություններ, պոեմներ,
զրույցներ ու հեքիաթներ, քառյակներ,
պատմվածքներ, ակնարկներ և այլն։
Թումանյանը անսահման հարազատ է
յուրաքանչյուր հայի։ Քանի որ նա գրել է
և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, նրա ստեղծագործությունները հայ մարդուն ուղեկցում են իր ամբողջ կյանքի ընթացքում։
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
Պարույր Սևակ
Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ
էր։ Նա իրենն էր համարում հայրենիքի և՛ վիշտը, և՛ ուրախությունը։
Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից։ Նա ներկայացնում է
իրենց այցելությունը Անի։ «Մոտենում ենք Անիի հոյակապ
պարիսպներին,– գրում է Իսահակյանը,– Օհաննեսը հուզված է,
ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը՝ հայացքը շարունակ
պարիսպներին։ Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր արվեստի կնիք կրող։ Լուռ, մտասույզ թափառում էր անցյալի հետ
ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամարներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի
երաժշտություն էր լսում` ոչ սովորական, ոչ այս աշխարհից։
….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը
վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի
անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների
վրա։ Մի՞թե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք
թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

Advertisement

 

«Հովհաննես Թումանյան»Ավետիք Իսահակյանի հուշերից

Լոռիում եմ. Սարոյի, Սաքոյի, Անուշի հայրենիքում. Օհաննեսի հետ,
նրա հարկի տակ: Ի՜նչ կար ավելի քաղցր, քան այդ ժամերը: Օհաննեսի
հետ շրջում ենք Դսեղ գյուղում, նրա շրջակայքում: Հին, հնադարյան
գյուղ է Դսեղը, ամեն կողմում` անցյալի բեկորներ: Գնում ենք գերեզմանատուն. այցելում ենք Օհաննեսի հոր շիրիմին. Օհաննեսի աչքերն
արցունքոտվում են. ութ տարի է անցել հոր մահից, բայց վիշտը չի անցել:
Եվ նորից պատմում է նա ինձ իր սքանչելի հոր մասին. ազնվական,
բարի, սիրող սրտով մարդ, բանաստեղծական հոգով:
«Ինչ որ կա իմ մեջ լավ բան՝ հորիցս է», — ասում է նա:
Գնում ենք բարձրաքաշ Ս. Գրիգորի հոյակապ վանքը տեսնելու, մեր
միջնադարյան ճարտարապետության մի փառավոր կոթող:
Գնում ենք լիճը տեսնելու, որ դսեղցիները, լոռեցուն հատուկ չափազանցությամբ, ծով են կոչում: Բարձրանում ենք մի զառիվեր,
որտեղից սկսվում են Մարցի չքնաղ անտառները:
Օհաննեսի մանկության և խաղերի վայրերն են սրանք:
Ամեն կողմից դեպի երկինք են մխրճվում լեռնագագաթները. լանջերը՝ անտառապատ, բարձր ժայռերի վրա հսկա ծառեր կան, ավելի
բարձր՝ արծվի բներ: Ձորակներից ծուխ է բարձրանում. հովիվների
բինաներն են, ուր ապրում են աժդահա սաքոները:
…Գյուղի շուրջը բազկատարած շառաչում են «կանաչ, վիթխարի
ընկուզենիները». և արդյոք որի՞ տակ Օհաննեսը օրհնություն ստացավ
գյուղի մեծերից:
Ձիեր նստած թափառում ենք Լոռվա գյուղերում: Գնացինք Օձուն,
Սանահին, Հաղպատ և այլուր:
Շրջեցինք Լոռվա գրեթե մեծ մասում:
«Մի գրողի ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում»,-
այսպիսի մի միտք է հայտնել գերմանացի բանաստեղծ Գյոթեն:
Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի,
առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի
անկյունը՝ ավանդավեպ, ամեն մի քարը՝ խոսող հերոսական անցյալից:
…Քաջությունը, իգիթությունը լոռեցու հատկություններն են: Օհաննեսի նախահայր պապը Լոռվա ձորերի և անտառների նահապետ քաջ
Հովակիմն է՝ Մեհրաբյան-Թումանյան Հովակիմը, որի մասին հոմերական ոճով գրում է Խաչատուր Աբովյանը:
Մի հսկա, ժայռեղեն տղամարդ, որը պաշտպանում է Լոռին անթիվ
հաղթանակող կռիվների մեջ:
Ինքը՝ Օհաննեսը, քաջ մարդ էր, լավ հրացանաձիգ, որսկան:
Երբ շրջում էինք գյուղերում, բոլոր գյուղացիները ճանաչում էին
Օհաննեսին և խորին հարգանքով վերաբերվում նրան: Օհաննեսն էլ
ճանաչում էր գրեթե բոլորին, մանավանդ տարեց լոռեցիներին, զրույց էր
անում նրանց հետ, կատակում Լոռվա համով-հոտով բարբառով:
…Լոռիում Օհաննեսն իր տարերքի մեջ էր: Այս հոյակապ բնության
մեջ, այս՝ ավանդություններով, առասպելներով, հիշատակներով լի
չքնաղ սարերում ու ձորերում նա բազմապատկվել էր կյանքով:
…Դյուցազնական-նահապետական Լոռին իր շքեղ բնությունով, իր
ավանդներով ու սովորույթներով, նրա հինավուրց ժողովուրդն իր
կենսահայացքով, իր ցավերով, նաև իր պայքարով եղան Օհաննեսի
ներշնչարանը: Այստեղից է հորդահոս գալիս Օհաննեսի ստեղծագործության աննախընթաց ժողովրդայնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով